Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին
Նոյեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրկությունը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի:
Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը նշեց, որ երկու երկրների հարաբերություններն առանձնանում են յուրահատուկ ջերմությամբ ու եղբայրության ոգով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ուրախություն հայտնեց տիար Նիկոլայ Ռիժկովի այցի համար` ընդգծելով, որ վերջինս տասնամյակներ շարունակ իր ջանքերն է ներդնում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ու երկրների համագործակցության առավել արդյունավորման համար: Այս առիթով Նորին Սրբությունը հայ ժողովրդի անունից շնորհակալություն ու գնահատանք հայտնեց Նիկոլայ Ռիժկովին` հայ ժողովրդին մատուցած բարի ծառայությունների համար` ընդգծելով 1988 թ. երկրաշարժի օրերին նրա զորակցությունը Հայաստանին և կարևոր ներդրումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում:
Տիար Նիկոլայ Ռիժկովն իր հերթին ընդգծեց Ս. Էջմիածին այցելության կարևորությունը, ապա անդրադարձավ երկու երկրների, ժողովուրդների և եկեղեցիների միջև առկա հարաբերություններին: ՀՀ ազգային հերոսը վերհիշեց նաև երկրաշարժի օրերին իր հանդիպումը երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետի հետ:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերն իր օրհնության ներքո պահի ու պահպանի երկու բարեկամ ժողովուրդներին և բարի արդյունքներով արգասավորի նրանց համագործակցությունը: