Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոսներին և ուսանողներին

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց    ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոսներին և ուսանողներին 23.05.2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոսներին և ուսանողներին


     Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին` ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ:
     Ակադեմիայի ռեկտոր Ա. Լոքյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կրթական հաստատության առաքելությունը և կրթական ծրագրերը: Նա շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Հայ Եկեղեցու կառույցների և ակադեմիայի միջև ձևավորված գործակցության և տարբեր միջոցառումների առիթով Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող մշտական աջակցության համար: Ռեկտորը շեշտեց ԲՈՒՀ-եր-Եկեղեցի հարաբերությունների առավել սերտացման և զարգացման անհրաժեշտությունը:
     Ապա ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով ակադեմիայի առաքելությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Մայր Աթոռի կառույցների և ակադեմիայի միջև ձևավորված կապերի և գործակցության առիթով, ինչը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին հաղորդ դառնալու հոգևոր արժեքներին և Հայ Եկեղեցու պատմությանը: Այս առիթով Նորին Սրբությունը ընդգծեց, որ երկրի ապագա ղեկավարները հոգևոր և ազգային արժեքների հիման վրա պետք է կարողանան ամրորեն հաստատել պետության կառույցի հիմերը:
     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու քարոզչական գործունեությանը, կրթական և սոցիալական ոլորտներում Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաև եկեղեցականների պատրաստությանը և եկեղեցաշինությանը:
Իր հերթին Գարեգին Բ Վեհափառը հետաքրքրվեց ակադեմիայի ուսումնական ծրագրերով և շրջանավարտներին ընձեռնվող հետագա աշխատանքային հնարավորություններով:
     Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու ԲՈՒՀ-երի հոգևոր պատասխանատու Բարեշնորհ Գեղամ սարկավագ Ավետիսյանը: