Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին
Ապրիլի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչության նախագահ Պերճ Սեդրակյանին:
Ողջունելով ՀԲԸՄ նախագահի հերթական այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց պրն. Սեդրակյանին բոլոր ազգանպաստ այն բարեգործական ծրագրերի համար, որ ՀԲԸՄ-ն իրականացնում է Հայաստանում եւ Սփյուռքում: Վեհափառ Հայրապետը նաեւ գոհունակություն հայտնեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ՀԲԸՄ-ի միջեւ առկա սերտ համագործակցության համար:
Իր հերթին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, մեծապես կարեւորելով Եկեղեցու եւ ՀԲԸՄ-ի համագործակցությունը, վստահեցրեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը պիտի շարունակի զորավիգ լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նրա ազգային-եկեղեցական առաքելության արդյունավետ իրագործման մեջ:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ ազգային կյանքը հուզող խնդիրների, ի մասնավորի հայորդիների քրիստոնեական դաստիարակությանը եւ հայեցի կրթությանը առնչված հարցերին: Վեհափառ Հայրապետն ու ՀԲԸՄ նախագահը ընդգծեցին համագործակցության կարեւորությունը եւ անհրաժեշտությունը համատեղ ջանքերով հաղթահարելու աշխարհասփյուռ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները: