Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Հունվարի 24-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը և պրն. Սեդրակյանն անդրադարձան Երուսաղեմի Հայոց Պատրիարքի ընտրությանը` վստահություն հայտնելով, որ նորընտիր Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը եռանդով ու նվիրումով կլծվի պատմական Սբ Աթոռի զորացման և Սբ տեղյաց մեջ հայոց իրավունքների պաշտպանության գործին:
Խոսելով Սիրիայում տիրող մտահոգիչ կացության և սիրիահայ համայնքի վիճակի մասին` Նորին Սրբությունն ու ՀԲԸՄ նախագահը հաստատեցին, որ Հայոց Եկեղեցին և ՀԲԸՄ-ը պետք է շարունակեն ամեն կերպ աջակցել սիրիահայ համայնքին` թեթևացնելու ծանր կացության մեջ հայտնված հայորդիների կարիքները: Քննարկվեցին նաև Հայաստանում և այլ երկրներում հաստատված սիրիահայերին օգնություն ցուցաբերելու ուղիները:
Զրույցի ընթացքում տիար Պերճ Սեդրակյանը մտահոգությամբ անդրադարձավ Սփյուռքում առկա հայապահպանության խնդիրներին և երիտասարդ սերնդի հայեցի կրթության անհրաժեշտությանը: ՀԲԸՄ նախագահը դրանց հաղթահարման, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում կարևորությամբ ընդգծեց Հայ Եկեղեցու դերակատարությունը:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց տիար Պերճ Սեդրակյանին Հայ Եկեղեցուն ցուցաբերվող շարունակական զորակցության համար: