Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

Օրերս, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին` տիկնոջ Վերա Սեդրակյանի հետ:

Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Նորին Սրբությունը, ի դեմս տիար Պերճ Սեդրակյանի, իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ անդամներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդեպ շարունակ ցուցաբերվող նվիրումի եւ աջակցության համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Սփյուռքում ու Հայրենիքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությանը, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացվող ծրագրերին:

Այս առիթով ՀԲԸՄ նախագահը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին մշտական զորակցության, մասնավորաբար ՀԲԸՄ հերթական` 87-րդ Ընդհանուր անդամական ժողովը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում, անցկացնելու հնարավորության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան խնդիրներ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:

Հանդիպումից հետո տեր եւ տիկին Պերճ եւ Վերա Սեդրակյանները ծանոթացան Ս. Էջմիածնում ընթացող լայնածավալ շինարարական, այդ թվում Սեդրակյան ամուսինների ազնիվ բարերարությամբ իրականացվող Հին Վեհարանի հիմնանորոգության եւ վերակառուցման աշխատանքներին: