Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

Հունիսի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին, ով Հայաստան է ժամանել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստի եւ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ժողովի առիթով:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը ողջունեց ՀԲԸՄ նախագահի այցը Հայրենիք եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա Նորին Սրբությունը եւ տիար Պերճ Սեդրակյանը քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող համատեղ կրթադաստիարակչական, սոցիալական, եկեղեցաշինական տարբեր ծրագրերի ընթացքը: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ նախագահին Միության անդամների կողմից Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին մշտապես ցուցաբերվող ստաբուխ եւ նվիրյալ զորակցության համար: Իր հերթին տիար Պերճ Սեդրակյանը մեծապես կարեւորեց Հայ Եկեղեցու եւ ՀԲԸՄ շարունակական եւ արդյունաշատ գործակցությունըª ի բարօրություն Հայրենիքի, աշխարհասփյուռ հայ ժողովրդի եւ ի պայծառություն Ս. Եկեղեցուª վստահեցնելով, որ Միությունը պիտի շարունակի իր նպաստը բերել Հայ Եկեղեցու առաքելության արդյունավետ իրագործմանը եւ ազգապահպան տարբեր ծրագրերին:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Հարավային Ամերիկա կատարած հովվապետական այցի մանրամասներին, ինչպես նաեւ թեմերի եւ Հարավային Ամերիկայի հայաշատ համայնքների կյանքը հուզող խնդիրներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաեւ, որ Արգենտինա այցի շրջանակներում մասնակցել է ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի 100-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը եւ հայրապետական պարգեւների արժանացրել մասնաճյուղի մի քանի անդամներիª համայնքային կյանքում իրենց գնահատարժան գործունեության համար: