Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին
Նոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի: Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին, անդրադարձավ ամուր հիմքերի վրա ձևավորված հայ-կիպրական եղբայրական ջերմ հարաբերություններին` ներշաղախված բարեկամության և գործակցության բազմօրինակ դրսևորումներով:
Նորին Սրբությունը նաև երախտագիտության խոսք փոխանցեց Կիպրոսի իշխանություններին ու ժողովրդին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման արդար գործում ունեցած ավանդի համար: Վեհափառ Հայրապետն այս առնչությամբ տեղեկացրեց տիար Յ. Օմիրուին, որ օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց Ժողովը որոշում է կայացրել Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման վերաբերյալ: Ներկայացվեցին նաև 2015 թ. Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով Եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումները, որոնց ակնկալվում է Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների` այդ թվում և Կիպրոսի արքեպիսկոպոս Քրիզոստոմ Բ-ի մասնակցությունը:
Հանդիպմանն իր երախտագիտության խոսքը հայտնեց Յանակիս Օմիրուն` փոխանցելով Նորին Սրբությանը Կիպրոսի ժողովրդի ողջույնները: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը մասնավորապես անդրադարձ կատարեց հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների արդյունքում իր կողմից ստացված վառ ու անջնջելի տպավորություններին, խոսեց երկու ժողովուրդների անցած պատմական դժվարին ուղու ընդհանրությունների և Կիպրոսի կյանքում հայ համայնքի ունեցած կարևոր դերակատարության մասին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը խոսեցին նաև երկու եղբայր ժողովուրդների առջև ծառացած մի շարք մարտահրավերների ու խնդիրների մասին, որոնք կարող են հաղթահարվել միջպետական և միջեկեղեցական կայուն համագործակցությամբ: