Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Հանրապետության նախագահին
Հուլիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի:
Ողջունելով Կիպրոսի Հանրապետության նախագահի այցը հայոց հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ ստեղծված եղբայրական ջերմ կապերին` վստահությամբ, որ նախագահի այցից հետո դրանք առավել կսերտանան եւ իրենց բարի պտուղները կտան: Անդրադառնալով ընդհանուր խնդիրներին եւ մարտահրավերներին` Նորին Սրբությունը կարեւորեց ուժերի մեկտեղման ու փոխհամագործակցության անհրաժեշտությունը: Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին հայ համայնքի հանդեպ ջերմ եւ հոգատար վերաբերմունքի համար` շեշտելով, որ Կիպրոսի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ հայերը լիարժեքորեն ապրում են իրենց ազգային-եկեղեցական եւ մշակութային կյանքով:
Պատասխան խոսքում Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար եւ անդրադարձավ հայ-կիպրական կապերին, որոնք տարեցտարի ավելի են սերտանում եւ ամրանում: Մեծարգո նախագահն ընդգծեց Կիպրոսի հայերի մեծ ներդրումը երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունների բարելավման գործում: Նա Հայոց Հայրապետին տեղեկացրեց նաեւ, որ վերջերս Լառնակայում բացվել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որի բացման արարողությանը ներկա են եղել Կիպրոսի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները եւ բազմաթիվ հայեր:
Վերջում Նորին Սրբությունը հաջողություններ մաղթեց Կիպրոսի նախագահին իր գործունեության մեջ` Տիրոջ օգնականությունը հայցելով երկու բարեկամ ժողովուրդների համար:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, երկու երկրների դեսպանները, պաշտոնատար այլ անձինք: