Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի նորանշանակ դեսպանին
Նոյեմբերի 18-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Կանադայի Համադաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռալֆ Լիսիշինին տիկնոջ հետ (նստավայրը` Մոսկվա):
Նորին Սրբությունը, շնորհավորելով պրն. Լիսիշինին նշանակման առիթով, վստահություն հայտնեց, որ դեսպանը որոշապես պիտի նպաստի Հայաստանի եւ Կանադայի միջեւ հարաբերությունների սերտացմանը եւ տարբեր ոլորտներում առկա գործակցության առավել զորացմանը: Վեհափառ Հայրապետն ի դեմս դեսպանի նաեւ իր գնահատանքը հայտնեց Կանադայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար:
Հանդիպմանը խոսվեց նաեւ միջեկեղեցական հարաբերություններին եւ միջկրոնական երկխոսություններին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնակցության եւ դերի մասին: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում առկա խնդիրներին: