Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի պաշտպանության նախարարին
Հունիսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնեւիչիենի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ առկա են բարեկամական հարաբերություններ, որոնք տարեց տարի ավելի են սերտանում եւ բազմաբնույթ ընդգրկում ստանում: Նորին Սրբությունը մասնավոր գոհունակություն հայտնեց երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջեւ ձեւավորվող համագործակցության առիթով:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրերին ներկայացրեց հայ ժողովրդի կյանքում թե´ պատմության ընթացքում եւ թե´ այսօր Եկեղեցու ունեցած դերակատարությունը` մասնավորապես անդրադառնալով քրիստոնեական արժեքների եւ ժողովրդի քրիստոնեական նկարագրի անաղարտ պահպանման համար Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերին:
Իր հերթին տիկին Յուկնեւիչիենին նույնպես կարեւորեց քրիստոնեական արժեքների եւ Եկեղեցու դերակատարությունը հասարակության կյանքում` այս առնչությամբ հիշատակելով նաեւ խորհրդային տարիներին եղած արգելքները:
Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց բանակում հոգեւոր սպասավորների կարեւոր ծառայությանը եւ այս կապակցությամբ երկու երկրների փորձառությանը:
Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի, ինչպես նաեւ երկու երկրների հոգեւոր կյանքի, Քույր Եկեղեցիների ու այլ կրոնների հետ Հայ Եկեղեցու հարաբերությունների մասին:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԶՈւ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության լիազոր եւ արտակարգ դեսպան Գեդրիուս Ապուոկասը: