Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Հանրապետության նախագահին
Ապրիլի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսին եւ տիկին Ալմա Ադամկիեին` ուղեկցությամբ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի:
Ողջունելով Լիտվային Հանրապետության նախագահի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Նորին Սրբությունը ներկայացրեց նրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությունը, կարեւոր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում եւ հետխորհրդային շրջանում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու գործունեությունը: «Փառք ենք վերառաքում առ Աստված, որ երկու մեր ժողովուրդների պարագային էլ խորհրդային տարիները չկարողացան խեղել մարդկանց հոգեւոր կյանքը, նրանց հոգին եւ Քրիստոսի հանդեպ սերը: Քրիստոսի հավատով եւ հույսով մեր ժողովուրդների զավակները կարողացան առավել ամրապնդել իրենց հավատը, դիմագրավել փորձությունները եւ կերտել անկախությունն իրենց երկրների»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մաղթելով, որ Տերն ամուր պահպանի փոխհարաբերությունները երկու ժողովուրդների եւ պետությունների եւ այդ կապերի նորանոր զարգացումներով առավել շենացնի երկու հանրապետություններն ի բարօրություն ժողովուրդների խաղաղ, ստեղծագործ կյանքի: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց Լիտվայի նախագահին Հայոց Ցեղասպանության ճանաչման առնչությամբ եւ գոհունակությամբ անդրադարձավ նաեւ այն հոգատար վերաբերմունքին, որ Լիտվայի իշխանությունները ցուցաբերում են հայ համայնքի նկատմամբ, ովքեր քրիստոնյա եղբայրների հետ միասին ապրում են համերաշխ, եղբայրական սիրով` ունենալով բոլոր ազատություններն ու հնարավորությունները կազմակերպելու իրենց հոգեւոր, ազգային ու մշակութային կյանքը:
Իր հերթին, Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսը, իր հարգանքը հավաստելով Հայոց Եկեղեցու եւ Հայոց Հովվապետի նկատմամբ, անդրադարձավ եկեղեցու կարեւոր դերին հասարակության եւ հատկապես երիտասարդ սերնդի մեջ հոգեւոր, բարոյական արժեքների պահպանության եւ ամրապնդման գործում: «...Երբ նայում ես ձեր պատմությանը, մեծ հարգանքով տեսնում, թե Ձեր եկեղեցին ինչ քրիստոնեական հիմնարար արժեքներ է տվել իր ժողովրդին»,- նշեց իր խոսքում պրն. Ադամկուսը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերություններին, ինչպես նաեւ խոսվեց աշխարհում խաղաղության, ժողովուրդների միջեւ եղբայրության եւ սիրո հաստատման գործում քրիստոնեական եկեղեցիների ջանքերի մասին:
Հանդիպմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի վարչակազմակերպական գործերի պատասխանատու Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Ավարտին Լիտվայի Հանրապետության նախագահը այցելեց Վեհարանի թանգարան, եղավ Մայր Տաճարում: