Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամներին
Հոկտեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Լիբանանի «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամուհիների հետ, ովքեր եկել էին հրաժեշտ տալու Նորին Սրբությանը:
Վեհափառ Հայրապետը վերստին իր գնահատանքը հայտնեց ներկաներին` վստահություն հայտնելով, որ երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի հոգին այս պահին ուրախություն է ապրում եւ օրհնում նրանց, որ համախումբ մեկտեղվել են Սուրբ Էջմիածնում եւ տոնախմբում են միության հոբելյանը, որ ստեղծվեց հոգելույս Հայոց Հայրապետի գահակալության շրջանում:
«Գնահատելի է Ձեր նվիրումը, սերը եւ հավատարմությունը հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, որոնք երբեք չեն սասանվել եւ չեն տկարացել: Մշտապես, բոլոր պարագաներում դուք քաջությամբ, լավատեսության ոգով եւ առ Ս. Էջմիածինը հավատով իրականացրել եք ձեր ծառայությունը` ջերմ պաշտպանը մնալով Ամենայն Հայոց Հայրապետության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի»,- ասաց Նորին Սրբությունը` նշելով, որ բոլոր սերունդները գնահատանքով պիտի հիշեն Համախմբումի անդամուհիների նվիրյալ ծառայությունը եւ սերը մեր ժողովրդի, Հայոց Եկեղեցու եւ Հայրենիքի հանդեպ:
Իրենց սրտի խոսքն ասացին նաեւ Համախմբումի անդամներ` շնորհակալություն եւ երախտագիտություն հայտնելով Նորին Սրբության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգատար վերաբերմունքի եւ ջերմ ընդունելության, ինչպես նաեւ մեկշաբաթյա հագեցած ժամանակացույցի համար:
Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը նաեւ գնահատանք հայտնեց հիսնամյա հոբելյանին նվիրված միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբին` գլխավորությամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի:
«Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» հիմնադրման 50-ամյակին նվիրված մեկշաբաթյա միջոցառումներն ավարտվեցին Երեւանի Կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիսությամբ, որի ընթացքում Համախմբումի անդամուհիներին իր գնահատանքի եւ օրհնության խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը, իր սրտի խոսքն ասաց նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: