Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության Խորհրդարանի նախագահին
Հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի:
Ողջունելով մեծարգո հյուրին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների և երկրների միջեւ սերտ հարաբերություններին` նշելով նաև, որ լիբանանահայերը, որպես արժանավոր քաղաքացիներ մշտապես գնահատվել ու սիրվել են Լիբանանի ժողովրդի ու իշխանությունների կողմից: Այս առիթով Նորին Սրբությունն ի դեմս պրն. Նաբիհ Բըրրիի իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց Լիբանանի ժողովրդին` Հայոց ցեղասպանության տարիներից ի վեր Լիբանանում հանգրվան գտած հայորդիների հանդեպ ցուցաբերած ջերմ ընդունելության և հոգատարության համար: Վեհափառ Հայրապետը նաև իր մասնավոր շնորհակալությունն ուղղեց Լիբանանի կառավարությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որդեգրած հավասարակշիռ դիրքորոշման համար:
Իր հերթին` Լիբանանի Խորհրդարանի նախագահը մեծ գնահատանքով խոսեց Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում հայ քաղաքացիների ունեցած կարեւոր ներդրման մասին, վերհիշեց նաև 1997 թվականի իր այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ միջկրոնական երկխոսության մեջ Հայ Եկեղեցու ներգրավվածության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված կրոնական առաջնորդների համատեղ ջանքերի մասին:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը, խաղաղություն և բարօրություն մաղթելով Լիբանանին ու լիբանանյան ժողովրդին, վստահություն հայտնեց, որ խորհրդարանի նախագահ պրն. Բըրրիի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: