Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի Սեյմի պատգամավոր սենատոր Լուկաշ Աբգարովիչին
Մայիսի 13-ին Ն. Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի Սեյմի լեհ-հայկական պատգամավորական բարեկամական խմբի անդամներին Լեհաստանի Սեյմի պատգամավոր սենատոր Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ:
Բարի գալուստ մաղթելով սենատոր Աբգարովիչի գլխավորած պատվիրակության այցը Հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը եւս մեկ անգամ իր ցավակցությունն հայտնեց ավիավթարի արդյունքում Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու նրա տիկնոջ եւ Լեհաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ եկեղեցականների մահվան կապակցությամբ` վստահեցնելով, որ լեհ ժողովուրդը կհաղթահարի այդ ցավը Աստծուն ապավինելով:
«Մենք ճանաչում ենք լեհ ժողովրդին որպես բարեպաշտ աստվածասեր եւ աղոթարար ժողովուրդ, եւ ուրախությամբ պիտի նշենք, որ ջերմ են մեր հարաբերություններն ինչպես Լեհաստանի պետական իշխանությանց, այնպես էլ եկեղեցականաց հետ: Մեր երկու ժողովուրդների միջեւ կապերն ունեն դարերի պատմություն ինչի ապացույցը Լեհաստանի հայ համայքնի գոյությունն է եւ երախտագետ ենք, որ Ձեր երկրի իշխանություններն ամեն ջանք գործադրում են Լեհաստանում ապրող մեր զավակաց ազգային կյանքում դյուրություններ ապահովելու համար:
Այսօր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին տոնախմբում է Փրկչի Համբարձման տոնը, որ նաեւ Հայոց Հայրապետական Աթոռի Ս. Էջմիածն վերադարձի տոնն է եւ Մեզ համար այս նվիրական տոնին Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ եւ Ձեր ժողովրդին` հայցելով Բարձրյալից, որ իր Ամենազոր Աջի ներքո պահի ու պահպանի մեր երկու երկրներին, ժողովուրդներին ու Եկեղեցիներին»,- նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում:
Իր երախտագիտությունն հայտնելով ընդունելության ջերմ խոսքերի ու աղոթքների համար` սենատոր Աբգարովիչը նշեց, որ Լեհաստանում բարձր են գնահատում այն ջանքերն ու եռանդը, որ Լեհաստանի հայությունը ներդրել եւ ներդնում է երկրի բարգավաճման եւ լեհ մշակույթի զարգացման համար:
«Ցավոք մեր այցի ժամանակը քիչ է եւ չենք կարող Ձեր հետ միասին ուրախակից լինել Ձեր տոնին, սակայն անպայման ժամանակ կգտնենք աղոթելու եւ մեր մոմը վառելու Ս. Էջմիածնի նվիրական տաճարում»,- նշեց հայկական արմատներ ունեցող սենատոր Լուկաշ Աբգարովիչը:Լեհական պատվիրակությանն ուղեկցում էին` ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժդիսլավ Ռաձզինսկին եւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Գալոյանը: