Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարին
Ապրիլի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերություններն առաջընթաց են ապրում և գործնական արդյունքներ արձանագրում: Նորին Սրբությունն ընդգծեց նաև երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը` նշելով, որ այն նպաստում է երկու ժողովուրդների մշակութային կյանքի փոխադարձ հարստացմանն ու զարգացմանը:
Անդրադառնալով Իրանի հայկական համայնքին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս Մոհամմադ Հոսեյնիի իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին` ինչպես հայ ժողովրդի զավակների նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, այնպես էլ հայ հոգևոր-մշակութային արժեքների, մասնավորաբար եկեղեցիների հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:
Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց նաև Մայր Աթոռի և Հայաստանում Իրանի դեսպանատան միջև առկա համագործակցությունը մշակութային ոլորտում:
Զրույցի ընթացքում կարևորվեց միջկրոնական երկխոսությունների խթանումը` ի բարօրություն մարդկության խաղաղ կյանքի, ինչպես նաև հոգևոր կենտրոնների հարաբերությունների սերտացումը: