Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչին 08.06.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչին

     Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի` ուխտագնացությունների հարցով ներկայացուցիչ Սեյեդ Ալի Ղազի Ասգյարին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի:
     Ողջունելով Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական կապերին` մասնավորապես ընդգծելով հարևան երկրների միջև ձևավորված բարեկամության ու փոխհարաբերությունների առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը գնահատանքով խոսեց նաև մշակութային և հոգևոր կրթական ծրագրերի իրականացման գործում Մայր Աթոռի և ԻԻՀ դեսպանատան միջև առկա սերտ համագործակցության մասին:
Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը հանդիպման համար և փաստեց, որ երկու երկրների միջև կրոնական, քաղաքական և տնտեսական ոլորտներում առկա են ջերմ ու օրինակելի հարաբերություններ, որոնք տարեց տարի առավել զարգանում են: Սեյեդ Ալի Ղազի Ասգյարը գնահատանքով նշեց նաև երկրի կյանքի տարբեր ոլորտներում Իրանի հայ համայնքի ունեցած արժեքավոր դերակատարության մասին:
     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը մտահոգությամբ անդրադարձան ներկայիս մարտահրավերներին` համաշխարհայնացման գործընթացին, հոգևոր-բարոյական արժեքների անկմանը, ընտանիքի պաշտպանվածության խնդրին, աշխարհում սկիզբ առած ծայրահեղական շարժումներին, որոնք իրենց կործանարար ազդեցությունն են թողնում ողջ մարդկության կյանքում: Ընդգծվեց, որ առանձին երկրներ և հոգևոր-կրոնական հաստատություններ միայնակ չեն կարող դիմագրավել մարդկային կյանքը հուզող այդ մարտահրավերներին, և կարևորվեց համատեղ ջանքերի գործադրումը` ի նպաստ տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների խաղաղ ու համերաշխ համակեցության, ինչպես նաև հանդուրժողականության և համագործակցության ոգու զորացման:
     Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: