Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին 24.11.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին


     Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
     Նորին Սրբությունը, ողջունելով դեսպանին, շնորհավորեց վերջինիս նշանակման կապակցությամբ և մաղթեց արդյունաշատ գործունեություն:
     Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ հայ-իրանական դարավոր փոխհարաբերություններին, երկու երկրների ներկայիս համագործակցությանը: Հայոց Հովվապետը մասնավորապես շեշտեց հոգևոր և մշակութային ոլորտներում առկա գործակցության առավել ամրապնդման անհրաժեշտությունը, կարևորեց փոխայցելությունները:
Գոհունակություն հայտնելով իրանահայ համայնքի հանդեպ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության կապակցությամբ` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև բարձրորեն գնահատեց հայկական մշակութային արժեքների ու սրբությունների նկատմամբ դրսևորվող հոգածու վերաբերմունքը:
   Իր հերթին պրն. Սեյեդ Քազեմ Սաջադին ուրախություն հայտնեց ՀՀ-ում իր առաքելությունն իրականացնելու համար: Անդրադառնալով իր առաջիկա անելիքներին` դեսպանն երկու ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման գործում կարևորեց նաև միջկրոնական երկխոսությունը:
     Զրույցի ընթացքում խոսվեց Մայր Աթոռի և դեսպանատան միջև ձևավորված ջերմ գործակցության մասին, քննարկվեցին երկու ժողովուրդների հոգևոր ու բարոյական արժեքների զորացմանը, նրանց առջև ծառացած զանազան մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ տարբեր կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
     Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: