Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարին
Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին:
Հանդիպմանն Ալի Ջանաթին անդրադարձավ հայ-իրանական միջմշակութային սերտ կապերին՝ ընդգծելով, որ դրանք ծաղկման փուլում են գտնվում: Նախարարն իր խոսքում նշեց նաև հարևան երկու ժողովուրդների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունների մասին՝ տեղեկացնելով, որ Իրանում իրանահայերը և իրանցիները կողք կողքի ապրում են խաղաղ պայմաններում և փոխադարձաբար մասնակցում միմյանց բոլոր միջոցառումներին:
Իր խոսքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ևս փաստեց այն իրողությունը, որ հայ-իրանական մշակութային փոխհարաբերություններում մեծ վերելք է նկատվում, քանի որ երկու բարեկամ ժողովուրդներին դարեր շարունակ ուղեկցել է մշակութային փոխհասկացողությունը: Նորին Սրբությունը, բարձրորեն գնահատելով հայկական հոգևոր մշակութային արժեքների նկատմամբ Իրանի պետական մարմինների կողմից դրսևորվող հոգածու վերաբերմունքը, վստահություն հայտնեց, որ այս առջընթացը պետք է լավագույնս նպաստի ողջ աշխարհում մշակութային արժեքների անխաթար պահպանմանը: Վեհափառ Հայրապետը, մշակութային արժեքների պահպանությունը համարելով աստավածադիր պայման, շեշտեց նաև, որ մշակույթի հանդեպ ցուցաբերվող սերը պայմանավորվում է Աստծո նկատմամբ սիրով, քանի որ մշակույթն արտահայտությունն է այն շնորհի, որ արարելու համար Երկնավորից տրված է մարդուն:
Զրույցի ընթացքում Ամենայն Հյաոց Կաթողիկոսը մաղթեց, որ երկու երկրների միջև մշտապես սերտ լինեն բարեկամական հարաբերությունները, որպեսզի շարունակաբար բարի արդյունքներ բերեն նաև միջմշակութային համագործակցության ոլորտում:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: