Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի դեսպանին
Օգոստոսի 28-ին, Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն սկսող Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:
Նորին Սրբությունը, բարի գալուստ մաղթելով նորանշանակ դեսպանին, գոհունակությամբ անդրադարձավ հայ-իտալական դարավոր կապերին եւ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու միջեւ ստեղծված ջերմ հարաբերություններին: Վեհափառ Հայրապետն ի դեմս դեսպանի իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Իտալիայի իշխանություններին` երկրաշարժից եւ անկախությունից հետո Հայաստանին եւ հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության եւ օժանդակության համար:
ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է լինել հայոց հավատքի կենտրոնում եւ իր ծառայությունը բերել Հայաստանի նման հին քաղաքակրթություն եւ հարուստ մշակույթ ունեցող երկրում: Դեսպանը նաեւ Հայոց Հայրապետին տեղեկացրեց դեսպանության մոտակա ծրագրերի մասին:
Վերջում Նորին Սրբությունը հաջողություններ մաղթեց նորանշանակ դեսպանին իր առաքելությունն իրականացնելու գործում:
Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը եւ դեսպանը նաեւ մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների, քրիստոնեական արժեհամակարգի եւ արդի մարտահրավերների շուրջ: