Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի արտաքին գործոց փոխնախարարին
Հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի Արտաքին գործերի փոխնախարար Ֆամիանո Կրուչիանելիին` ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեի ուղեկցությամբ:
Ողջունելով հյուրին` Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջեւ հարարբերությունները շարունակաբար զարգանում եւ ամրապնդվում են: Վեհափառ Հայրապետը հանուն հայ ժողովրդի շնորհակալություն հայտնեց Իտալիայի իշխանություններին եւ ժողովրդին այն զորակցության համար, որ ցուցաբերվում է տարածաշրջանում խաղաղությունն ամրակայելու գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վատիկանի միջեւ առկա հարաբերությունները եւ սերտ համագործակցությունը, ինչի շնորհիվ չորս երիտասարդ միաբաններ ներկայիս ուսանում են Կաթոլիկ Եկեղեցու տարբեր կրթական հաստատություններում:
Հանդիպման ընթացքում նաեւ անդրադարձ եղավ ժողովրդի սոցիալական վիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին: