Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի Սիենա քաղաքի կաթոլիկ ուխտավորներին
Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Սիենա քաղաքի արքեպիսկոպոս Անտոնիո Բուոնքրիստիանիի առաջնորդած կաթոլիկ ուխտավորների խմբինª ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանի:
Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` Սիենայի արքեպիսկոպոսը նշեց, որ խումբը այս օրերին ուխտավորաբար գտնվում է Հայաստանում և Մայր Աթոռումª այդպիսով մասնակից դառնալու նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը:
Այնուհետև կաթոլիկ ուխտավորներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով, որ Քույր Կաթոլիկ Եկեղեցու հավատացյալները, ի գլուխ ունենալով իրենց հոգևոր առաջնորդներին, այցելում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին և աղոթելու, որ այդօրինակ ողբերգությունները կանխվեն մարդկային կյանքում:
Իր խոսքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունների մասինª ի մասնավորի գոհունակությամբ անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով այս տարվա ապրիլի 12-ին ձեռամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագի արարողությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական արդյունավետ փոխգործակցության կարևոր արտահայտություն համարեց այն, որ անցնող 15 տարիների ընթացքում շուրջ երկու տասնյակից ավելի հայ հոգևորականներ իրենց հոգևոր կրթությունը շարունակել են տարբեր կաթոլիկ աստվածաբանական համալսարաններում:
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: