Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թուրքմենստանի փոխվարչապետին
Ապրիլի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թուրքմենստանի փոխվարչապետ Խիդիր Սապարլիեւին:
Վեհափառ Հայրապետը ողջունեց փոխվարչապետի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա, նմանօրինակ այցերը կարեւոր խթան նկատելով երկուստեք հարաբերությունների զարգացման համար, կարեւորեց երկու երկրների միջեւ սերտացող համագործակցությունը, ինչը պիտի նպաստի հայ եւ թուրքմեն ժողովուրդների բարօրությանը:
Նորին Սրբությունը նաեւ վերհիշեց պրն. Խիդիր Սապարլիեւի պաշտոնավարման շրջանը Հայաստանում իբրեւ Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան` մասնավորապես անդրադառնալով Մայր Աթոռի եւ Թուրքմենստանի դեսպանատան միջեւ առկա ջերմ հարաբերություններին:
Իր երախտագիտությունը հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` փոխվարչապետ Սապարլիեւը ուրախությամբ հաստատեց, որ այցը լավ առիթ էր վերանորոգելու իր բարեկամությունը: Փոխվարչապետը Նորին Սրբությանը ներկայացրեց նաեւ իր այցի մանրամասները: