Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թուրքմենստանի նախագահին
Նոյեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Ողջունելով նախագահի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց երկու երկրների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունները:
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Թուրքմենստանի նախագահի այցը Հայաստան նոր խթան պիտի հանդիսանա հարաբերությունների առավել սերտացման և զարգացման համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց պրն. Գ. Բերդիմուհամեդովին` հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար և ջերմ վերաբերմունքի համար, որի արդյունքում հայ ժողովրդի զավակները կարողանում են կազմակերպել նաև իրենց հոգևոր ու մշակութային կյանքը: Այս առիթով Նորին Սրբությունը դիմեց Թուրքմենստանի նախագահին` հնարավորություն ընձեռել վերականգնելու խորհրդային տարիներին ավերված Թուրքմենբաշիի հայկական եկեղեցին, ինչը կնպաստի Հայ Եկեղեցու լիարժեք գործունեությանը Թուրքմենստանի հայ համայնքի կյանքում և նոր մակարդակի կբարձրացնի երկու երկրների միջկրոնական երկխոսությունը: Իր խոսքում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակություն հայտնեց Հայաստան երկօրյա այցի ընթացքում արձանագրված արդյունքների առիթով:
Անդրադառնալով Թուրքմենստանի հոգևոր կյանքին` նախագահը կարևորեց կրոնի դերը հասարակության կյանքում և մասնավորապես երիտասարդության դաստիարակության գործում: Ի պատասխան Ամենայն Հայոց Հայրապետի դիմումի` նախագահը հանձնարարական տվեց հանդիպմանը ներկա Թուրքմենստանի կառավարության ներկայացուցիչներին քննարկելու հարցը և դրական լուծում տալու Հայ Եկեղեցու խնդրին: Թուրքմենստանի նախագահը նաև հրավեր ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցելելու Թուրքմենստան: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը արդյունավոր նախագահություն մաղթեց պրն. Բերդիմուհամեդովին` ի փառս Թուրքմենստանի և նրա ժողովրդի:
Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: