Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թեհրանի փոխքաղաքապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թեհրանի փոխքաղաքապետին 10.12.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թեհրանի փոխքաղաքապետին


     Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Թեհրանի (Իրանի Իսլամական Հանրապետություն) փոխքաղաքապետ դոկտ. Մահմուդ Սալահին` ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի:
     Ողջունելով պաշտոնական պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ այսպիսի յուրաքանչյուր այցելություն նոր ներդրում է երկու երկրների միջև ձևավորված համագործակցության մեջ:
     Այս կապակցությամբ Նորին Սրբությունը հավելեց, որ Հայ Եկեղեցին ևս իր նպաստը պետք է բերի այդ կապերի ամրապնդման գործին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիի` Հայաստան կատարած այցին` նշելով, որ միջկրոնական շփումները նույնպես կարևոր մաս են կազմում երկու ժողովուրդների միջև առկա բարեկամության:
     Հանդիպմանը դոկտ. Մահմուդ Սալահին, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցելելու առիթով, Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց Թեհրանի քաղաքապետի ողջույնները: Փոխքաղաքապետը մասնավորապես խոսեց Հայաստանի և Իրանի ընդհանրությունների, մշակութային առնչակցությունների, ինչպես նաև Իրանում քրիստոնյա և իսլամ ժողովուրդների խաղաղ ու համերաշխ համակեցության մասին:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով արձանագրեց նաև Իրանի իշխանությունների կողմից Իրանում գործող հայկական եկեղեցիների և մշակութային կենտրոնների նկատմամբ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսը և դոկտ. Մահմուդ Սալահին անդրադարձ կատարեցին աշխարհում տեղ գտնող ծայրահեղականության դրսևորումներին` վստահություն հայտնելով, որ միջազգային հանրության ջանքերով մարդկային կյանքից կվերացվեն նման երևույթները:
     Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: