Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էստոնիայի դեսպանին
Մարտի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Լուքին:
Նորին Սրբությունը, բարի գալուստ մաղթելով դեսպանին, ուրախությամբ արձանագրեց, որ երկու պետությունների միջեւ կապերն ավելի են սերտանում: Հայոց Հայրապետը կարեւորեց հատկապես հայ համայնքի դերակատարությունն այդ կապերի ամրապնդման գործում: Ի դեմս Հայաստանում Էստոնիայի դեսպանի` Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց Էստոնիայի իշխանություններին տեղի հայ համայնքի հանդեպ բարյացկամ վերաբերմունքի համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Էստոնիայի կրոնական կյանքին, Հայ Առաքելական Եկեղեցու առաքելությանը, ժամանակակից մարտահրավերներին: