Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էլ-Քուվեյթի նահանգապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էլ-Քուվեյթի նահանգապետին 21.11.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էլ-Քուվեյթի նահանգապետին

     
     
Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի:
     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում և վստահություն հայտնեց, որ ձևավորված համագործակցությունը բարի արդյունքներ պիտի արձանագրի երկու ժողովուրդների կյանքում: Ապա այցելության առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց Էլ-Քուվեյթի իշխանություններին` Քուվեյթում հաստատված հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Նորին Սրբությունը նկատեց նաև, որ հինգ տասնամյակ առաջ տարածաշրջանի առաջին հայկական եկեղեցու կառուցումը Քուվեյթում լավագույն վկայությունն է երկրի իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ դրսևորվող  հարգանքի և գնահատանքի:
     Էլ-Քուվեյթի նահանգապետն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համանախագահ ընտրվելու կապակցությամբ: Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը կարևորեց երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդումը փոխադարձ այցելությունների միջոցով:
     Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջկրոնական հարաբերություններին, ինչպես նաև համայն հայության հոգևոր կենտրոն տարբեր իսլամ կրոնապետերի այցելություններին:                  
     Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված օրհնի և արգասաբեր դարձնի հայ և արաբ ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, իսկ Էլ-Քուվեյթը շարունակի իր առաջընթաց կյանքն ապրել խաղաղության մեջ: