Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԷԿԼՕՖ հիմնադրամի գլխավոր տնօրենին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց ԷԿԼՕՖ հիմնադրամի գլխավոր տնօրենին  30.04.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԷԿԼՕՖ հիմնադրամի գլխավոր տնօրենին

     Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԷԿԼՕՖ միջազգայինի գլխավոր տնօրեն Փաթ Գլիսոնին` Հայաստանյան ԷԿԼՕՖ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի և հիմնադրամի գլխավոր տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի ուղեկցությամբ:
     Ողջունելով ԷԿԼՕՖ-ի գլխավոր տնօրենի այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Հայաստանյան ԷԿԼՕՖ հիմնադրամի գործունեության և ԷԿԼՕՖ միջազգայինի կողմից վերջինիս ցուցաբերվող աջակցության համար: Անդրադառնալով Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հիմնադրամն իր գյուղատնտեսական ու կրթական ծրագրերով հնարավորություն է ընձեռում անհատների և համայնքների` հաղթահարելու իրենց առջև ծառացած զանազան խնդիրներ: Նորին Սրբությունը նաև նշեց, որ հիմնադրամը բարենպաստ ներդրում ունի միջեկեղեցական հարաբերություններում:
     Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին:
     Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց տիար Գլիսոնին Հայսատանյան ԷԿԼՕՖ-ի ղեկավարության հետ ԷԿԼՕՖ ունիվերսալ վարկային կազմակերպության նոր ռազմավարության մշակման գործում: