Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի տաճարականների միաբանության պատվիրակությանը
Սեպտեմբերի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Տաճարականների միաբանության պատվիրակությանը` գլխավորությամբ Երուսաղեմի տաճարականների հունական վաշտի գլխավոր հրամանատար Պողոս Չորակյանի:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուրախություն հայտնեց, որ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Եկեղեցիների հետ և համատեղ առաքելություն իրականացնում` ի սեր և ի բարօրություն մարդկության:
Հանդիպման ընթացքում պրն. Չորակյանը Նորին Սրբությանը ներկայացրեց միաբանության գործունեությունն ու առաքելությունը, որորի շրջանակներում մարդասիրական զանազան ծրագրեր են իրականացվում, ինչպես նաև օգնություն ցուցաբերվում Երուսաղեմի չորս պատրիարքություններին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: