Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երեւանի պետական համալսարանի ուսանողներին
Հոկտեմբերի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ս. Թարգմանչաց տոնի առիթով կազմակերպված թարգմանության մրցույթին մասնակցած Երեւանի պետական համալսարանի հիսուն ուսանողների:
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը եւ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը` Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին նախաձեռնության մասնակիցներին:
Նորին Սրբությունը ողջունելով նման ձեռնարկները` իր գնահատանքն ու օրհնությունը բերեց մրցույցի կազմակերպիչներին: «Շատ կարեւոր է այսպիսի միջոցառումների կազմակերպումը, որովհետեւ դրանց միջոցով վերադառնում եք մեր հայրերի ավանդույթներին, հաղորդակից դառնում նրանց ստեղծած արժեքներին: Միայն մեր ակունքներին վերադառնալով է, որ կպահպանեք մեր ինքնությունն ու դիմագիծը», - նշեց Վեհափառ Հայրապետը` շնորհավորելով մրցույթի հաղթողներին ու մաղթելով, որ լինեն արժանավոր եւ պիտանի հայորդիներ մեր ազգի եւ Հայրենիքի համար:
Նորին Սրբությունը պատասխանեց նաեւ ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին, թեմական եւ միջեկեղեցական կյանքին, Եկեղեցու վարդապետությանը եւ հոգեւոր բարեպաշտական սովորություններին:
Հանդիպման ավարտին մրցույթի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ, ծանոթացան հոգեւոր մշակույթի գանձերին: