Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմնի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի  ղեկավար մարմնի անդամներին 25.11.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԵԿ ղեկավար մարմնի անդամներին

     Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմնի (ԵԵԿ) եռօրյա ժողովի մասնակիցներին` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար, ԵԵԿ-ի ղեկավար մարմնում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանի:
     Հանդիպմանը Հայր Շահեն ժողովականներին ներկայացրեց Նորին Սրբությանը` անդրադառնալով նաև ԵԵԿ ժողովի օրակարգին:
     Ողջունելով Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ներկայացուցիչներին` Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ հայ ժողովրդի համար նվիրական այս տարում, երբ հայությունն ամենուրեք ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ԵԵԿ ղեկավար մարմինը, ընդառաջ Ամենայն Հայոց Հայրապետի հրավերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է անցկացնում իր տարեկան ժողովը: Այս առիթով Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց այն զորակցությունը, որ միջեկեղեցական կազմակերպությունները` Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը, և Քույր Եկեղեցիները բերեցին Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին ի նպաստ` մասնակցելով Մայր Աթոռում, աշխարհի հայկական տարբեր համայնքներում և Քույր Եկեղեցիների հոգևոր կենտրոններում կազմակերպված հիշատակի արարողություններին:
     Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության դատապարտման գործում Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ցուցաբերած աջակցությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջոցով է հնարավոր միայն մարդկային կյանքում կանխարգելել նմանօրինակ ոճիրներն ու հանցագործությունները:
     Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դատապարտության խոսք հնչեցրեց նաև Փարիզում (Ֆրանսիա) նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առիթով` առ Աստված աղոթք վերառաքելով զոհվածների հոգիների խաղաղության ու նրանց հարազատների մխիթարության համար: Վեհափառը փաստեց, որ Եկեղեցիների ակտիվ գործակցությունը, միջեկեղեցական և միջկրոնական երկխոսությունների իրականացումը կարող են նպաստել նման աղետալի երևույթների հաղթահարմանը:
     ԵԵԿ գործադիր անդամների անունից խոսք ասաց ԵԵԿ նախագահ Քրիստոֆեր եպիսկոպոսը (Անգլիկան Եկեղեցի): Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար` նա ընդգծեց, որ Քրիստոսի առաքյալների կողմից հիմնադրված Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնում գտնվելը խմբի յուրաքանչյուր անդամի ավելի է հարստացնում ու ամրապնդում քրիստոնեական հավատի մեջ: Քրիստոֆեր եպիսկոպոսն անդրադարձավ նաև Մայր Աթոռում կատարված Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության կարևորությանը և խորհրդավորությանը:
     Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովականներին ներկայացրեց Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությունը, խոսեց Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և եկեղեցականների նոր սերնդի պատրաստության մասին:
     Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: