Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության գլխավոր քարտուղարին
Հունիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության (Act Alliance) գլխավոր քարտուղար Ջոն Նդունային` ուղեկցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի: «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությունը 140 երկրներում ունի 131 անդամ և գործունեություն է ծավալում արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև սոցիալական և զարգացման ոլորտներում:
Նորին Սրբությունը ողջունեց Ջ. Նդունայի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ապա իր գնահատանքը բերեց համադաշնությանը` Հայաստանում Կլոր սեղան հիմնադրամի և համադաշնության հայաստանյան ֆորումի հետ համագործակցության, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում, սոցիալական զանազան խնդիրներին ի նպաստ ցուցաբերվող զորակցության համար: Վեհափառ Հայրապետը կարևորեց Եկեղեցիների փոխհամագործակցությունը զանազան ոլորտներում, ինչը նպաստում է համընդհանուր ջանքերի մեկտեղմանը և զորացնում առանձին Եկեղեցիներին ու նրանց հավատացյալներին իրենց հավատքի մեջ` բարի օրինակ լինելով եղբայրական սիրո և զորակցության: Իր հերթին համադաշնության գլխավոր քարտուղար Ջոն Նդունան ուրախություն հայտնեց հանդիպման առիթով` ընդգծելով, որ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ և մեծապես շնորհակալ է համադաշնության անդամ Կլոր Սեղան հիմնադրամին ցուցաբերվող Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու զորակցության համար:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը մասնավոր մտահոգություն արտահայտեց Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առիթով, որոնց հետևանքով սիրիաբնակ բազմաթիվ հայորդիներ ներգաղթում են Հայաստան: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ արեց միջեկեղեցական կառույցներին, այդ թվում նաև «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությանը անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել անօգնական վիճակում հայտնվող հայորդիներին:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով համադաշնությանը, հաջողություններ մաղթեց կազմակերպության` քրիստոնեական ոգին զորացնելու և մարդկության կյանքում բարիքներն առատացնելու առաքելությանը: