Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հանձնախմբին

Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 13-րդ համաժողովի ծիսական հարցերով նախապատրաստող հանձնախմբի անդամներին, ովքեր հունիս 18-21-ը իրենց հերթական ժողովն են անցկացնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

Նորին Սրբությունը ողջունեց ժողովի մասնակիցներին եւ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրանց: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում ծանոթանալու ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն, երկրին ու հայ ժողովրդի կյանքին, այլեւ իրենց ներկայությամբ եւ ջանքերով հարստացնում են մեր մշակույթը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությանը, ինչպես նաեւ Քույր եկեղեցիների հետ ջերմ փոխհարաբերություններին: Իրենց հերթին հանձնախմբի անդամները շնորհակալություն հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվելու հնարավորության համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ԵՀԽ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպումից հետո հյուրերը Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը: