Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի մի խումբ մտավորականների
Սեպտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության մի խումբ մտավորականների եւ թերթերի գլխավոր խմբագրերի` ուղեկցությամբ Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանի:
Հանդիպման սկզբում պրն. Մազլումյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց խմբի անդամների Հայաստան այցի նպատակը, որով բարեկամ երկրի մտավորականությունն առիթ է ունենում մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին եւ ազգային-հոգեւոր արժեքներին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրերին ներկայացրեց համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհուրդը եւ պատմությունը: Անդրադառնալով Հայոց Եկեղեցու կարեւոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում` Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ փորձություններով լեցուն հայոց պատմության ընթացքում Եկեղեցին ազգապահպան մեծ առաքելություն է իրականացրել` հաճախ ստանձնելով նաեւ ազգի քաղաքական առաջնորդությունը:
Նորին Սրբությունը նաեւ ողջունեց այսպիսի փոխայցելությունների կազմակերպումը` նշելով, որ դրանք նպաստում են փոխճանաչողությանն ու հարաբերությունների առավել սերտացմանը: Դրանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց Եգիպտոսի հայ համայնքի դերակատարությունը` գոհունակությամբ ընդգծելով, որ հայ ժողովրդի բազում զավակներ իբրեւ Եգիպտոսի լիարժեք եւ օրինակելի քաղաքացիներ իրենց խաղաղ կյանքով ու բարի ծառայությամբ նպաստում են երկրի զարգացմանն ու առաջընթացին:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաեւ եգիպտացի մտավորականների հարցերին, որոնք վերաբերում էին կրոնական հանդուրժողականությանը, Հայ եւ Ղպտի Եկեղեցիների եղբայրական հարաբերություններին, եգիպտահայ համայնքի վիճակին, Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայ Եկեղեցու կողմից կազմակերպվող աշխատանքներին, տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գործում Հայ Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: