Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտին
Սեպտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:
Շնորհավորելով և իր բարեմաղթանքները փոխանցելով Օլավ Տվեյտին նրա ընտրության առիթով` Վեհափառ Հայրապետը ուրախություն հայտնեց պատվիրակությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունելու կապակցությամբ: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ ԵՀԽ-ի հայ ներկայացուցիչները մեծ խանդավառությամբ և բարձր գնահատանքով են խոսում գլխավոր քարտուղարի անձի, նվիրումի և աշխատանքի մասին:
Անդրադառնալով Հայ Եկեղեցու մասնակցությանը ԵՀԽ-ի աշխատանքներին` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ այն ապագայում առավել խորությամբ է շարունակվելու և Մայր Մայր Սուրբ Էջմիածինն ըստ ամենայնի զորավիգ է լինելու ԵՀԽ-ի առաքելության արդյունավորմանը, քանի որ այդ առաքելությունը նպաստում է է Եկեղեցիների եղբայրական ոգու զորացմանն ու եկեղեցիների ջանքերի մեկտեղմանը` խարսխված փոխադարձ սիրո և միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի վրա:
Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը բերեց Մայր Աթոռում գործող միջեկեղեցական երկու կառույցների` Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և ԷԿԼՕՖ-ի պատասխանատուներ Կարեն Նազարյանին և Տիգրան Հավհաննիսյանին` Հայաստանի ժողովրդի բարօրությանն ու եկեղեցիների համագործակցությանն ուղղված ջանքերի համար:
Վերջում ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտն իր շնորհակալությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին հրավերի և ջերմ ընդունելության համար, ինչպես նաև անդրադարձավ Հայ Եկեղեցու կարևոր մասնակցությանը խորհրդի աշխատանքներին:
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում գործող Կլոր Սեղան և ԷԿԼՕֆ էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը գլխավոր քարտուղարին ներկայացվեց կազմակերպությունների գործունեությյունը, որից հետո քննարկվեցին համագործակցության մի շարք սոցիալական ծրագրեր: