Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՀԽ Եվրոպական տարածաշրջանային գործընկերների խմբի ժողովի մասնակիցներին
Հոկտեմբերի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց hոկտեմբերի 12-15-ը Երեւանում անցկացվելիք Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Եվրոպական տարածաշրջանային գործընկերների խմբի (ԵՏԳԽ) ժողովի մասնակիցներին: Խումբը, որ երկրորդ անգամ է իր հավաքն անցկացնում Հայաստանում, կազմված է Արեւմտյան Եվրոպայի էկումենիկ գործակալություններից եւ Արեւելյան Եվրոպայի Կլոր սեղաններից: Այս տարեկան հավաքների ընթացքում քննարկվում են Եկեղեցիների սոցիալական, դիակոնիկ եւ զարգացման աշխատանքների փորձը եւ հեռանկարները:
Հանդիպմանը Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց հերթական հավաքը Հայաստանում կազմակերպելու առիթով, ապա իր գնահատանքը փոխանցեց ժողովի մասնակիցներին Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայում իրականացվող ԵՏԳԽ-ի կարեւոր առաքելության համար: Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայոց Եկեղեցու ծառայությանը սոցիալական ոլորտում, որը մշտապես ընդարձակվում է նորանոր ծրագրերով, արձանագրված հաջողություններին եւ մարտահրավերներին: Այդ ոլորտում Նորին Սրբությունը կարեւորեց նաեւ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում ԵՏԳԽ-ի աշխատանքին, արդյունավետ համագործակցությանը Կլոր Սեղանների հետ անդրադարձան Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի ընդհանուր քարտուղար վեր. Քոլին Վիլյամսը, ԵՀԽ Եկեղեցիների եւ էկումենիկ հարաբերությունների համակարգման գրասենյակի ղեկավար հայր Դանիել Բուդան եւ Հայաստանյան Կլոր սեղանի տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանը:
ԵՏԳԽ-ի այս տարվա ժողովն անդրադառնալու է Արեւելյան Եվրոպայի համար մեծ կարեւորություն ունեցող մի շարք խնդիրների, ինչպես օրինակ` աղքատություն, միգրացիա, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, մարդավաճառություն, ինչպես նաեւ Եվրոպական Կլոր սեղանների դերը փոփոխվող աշխարհում: