Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դարտմուտյան կոնֆերանսի Լեռնային Ղարաբաղի հարցով աշխատանքային խմբի համանախագահներին
Մարտի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դարտմուտյան կոնֆերանսի Լեռնային Ղարաբաղի հարցով աշխատանքային խմբի համանախագահներ ռուս քաղաքագետ, «Ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի» ներկայացուցիչ Վիտալի Նաումկինին եւ Շարունակական երկխոսության միջազգային ինստիտուտի նախագահ Հարոլդ Սանդերսին` ուղեկցությամբ խմբի հայաստանյան կողմի ներկայացուցիչների:
Հանդիպմանը երկու համանախագահները ներկայացրեցին Նորին Սրբությանը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ իրենց տեսակետները` նշելով, որ խնդրի լուծման գործընթացում հանրության եւ հասարակական տարբեր կառույցների ներգրավվումը, հասարակական քննարկումներն ու երկխոսությունները կարող են մեծապես նպաստել խաղաղության վերհաստատմանը:
Գարեգին Բ Վեհափառն անդրադարձավ խնդրի կարգավորման գործում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաքելությանը եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ Հայ Եկեղեցու հովվապետերի հանդիպումներին: