Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի եկեղեցիների միության պատվիրակությանը
Հուլիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցական զարգացման ծառայության - Գերմանիայի եկեղեցիների միության պատվիրակությանը` ուղեկցությամբ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանի: Պատվիրակության կազմում էին Միության տնօրենների խորհրի անդամը, Հարավարեւելյան Եվրոպայի եւ Կովկասյան հանրապետությունների ծրագրի, Բալկանների ծրագրի եւ Հարավարեւելյան Եվրոպայի եւ Կովկասյան հանրապետությունների տարածաշրջանային «Երկխոսության գրասենյակի» պատասխանատուները:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց միությանը այն բոլոր օգտաշատ ծրագրերի համար, որ իրականացվում են տարբեր երկրներում եւ, մասնավորաբար, Հայաստանում` հիմնականում Կլոր Սեղան հիմնադրամի միջոցով: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Կլոր Սեղանի եւ Գերմանիայի եկեղեցիների միության միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը եւ հիմնադրամի աշխույժ գործունեությանը:
Հանդիպմանը խոսվեց նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սոցիալական ծրագրերի մասին:
ՀԿՍ-ն հիմնադրվել է 1996 թվականին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Այսօր Կլոր Սեղանը հիմնականում աշխատում է համապարփակ համայնքային զարգացման, կարողությունների զարգացման եւ տարածաշրջանում խաղաղության եւ հանդուրժողականության խթանման ոլորտներում: