Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին 29.04.2015
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները Մայր Աթոռում

     Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Ֆոլկմար Վոգելին և Մանֆրեդ Գրունդին:
     Ընդգծելով հայ ժողովրդի համար նվիրական այս օրերին Բունդեսթագի ներկայացուցիչների Հայաստան կատարած այցի կարևորությունը` Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ Բունդեսթագում տարվող աշխատանքների համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Գերմանիայի կողմից Հոլոքոստի նկատմամբ որդեգրած կեցվածքը կարող է օրինակ հանդիսանալ Թուրքիայի ներկայիս իշխանությունների և ցեղասպան այլ պետությունների համար:
Բունդեսթագի պատգամավորներն իրենց հերթին խոսեցին Հայոց Ցեղասպանության դատապարտման կարևորության մասին:
     Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը: