Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահին 19.06.2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահին

Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ «Բարձունք 5165» կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանի (Ֆրանսիա):

Հանդիպմանը Նորին Սրբությունը, ողջունելով բարեկամ ժողովրդի զավակների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` գլխավորությամբ տիկին Վասալի, գոհունակությամբ նշեց նաև, որ հաճելի է պատվիրակության կազմում տեսնել նաև Մարսելում ապրող հայորդիների:

Վեհափառ Հայրապետը նախ անդրադարձ կատարեց Հայ Եկեղեցու պատմությանը ու Մայր Աթոռի առաքելությանն ազգային կյանքում, ինչպես նաև դարերի ընթացքում Հայ Եկեղեցու ու հայ ժողովրդի առջև ծառացած բազում մարտահրավերներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորեց երկու ժողովուրդների միջև առկա ջերմ կապերը և Հայաստանի ու Ֆրանսիայի համակողմանի գործակցությունը: Հայոց Հովվապետը հավելեց, որ մեծագույն մխիթարություն է տեսնել հայ-ֆրանսական բարեկամական կապերի զարգացումը փոխայցելությունների և տարբեր համատեղ ձեռնարկների իրագործման միջոցով: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն ուրախությամբ փաստեց, որ դրանում մեծ դերակատարություն ունի Ֆրանսիայի հայկական համայնքը:
Իր գնահատանքը բերելով Ֆրանսիայի իշխանություններին ու բարեսեր ժողովրդին Ֆրանսիայի հայկական համայնքի նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգածու վերաբերմունքի համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանության տարիներին բազում գաղթական հայորդիներ, Ֆրանսիայի ժողովրդի խաղաղասեր և հյուրընկալ ոգու շնորհիվ, կարողացան ապաստան գտնել երկրում և վերականգնել իրենց խաղաղ ու բարօր կյանքը:

Իր հերթին Նահանգային խորհրդի նախագահ Մարտին Վասալն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատվիրակության անդամներին: Շեշտելով Հայաստան և հայոց հոգևոր կենտրոն կատարած իրենց այցի կարևորությունը` նա վստահություն հայտնեց, որ այցը նպաստելու է երկու բարեկամական ժողովուրդների միջև հարաբերությունների առավել զորացմանն ու ամրապնդմանը տարբեր ոլորտներում: Նահանգային խորհրդի նախագահը ցավով անդրադարձավ նաև ԼՂՀ սահմանին վերջերս տեղ գտած ողբերգական իրադարձություններին` հույս հայտնելով, որ խաղաղությունը տարածաշրջանում կվերահաստատվի, ինչը երկրի զարգացման ու շենացման ամենաէական վավերապայմաններից է:

Վերջում Գարեգին Բ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց ներկաներին` Մայր Աթոռի, Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի և «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով Ս. Էջմիածնի տարածքում 10 տարի առաջ հիմնադրված «Էջմիածին 13» բարեգործական ֆրանսիական դիսպանսեր-ատամնաբուժարանի արդյունավետ գործունեության համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի` առաջիկայում Հայաստան կատարվելիք այցին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը:

Պատվիրակությունը Մայր Տաճարում նաև ներկա գտնվեց Ս. Պատարագի արարողությանը: