Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի հայոց թեմի ուխտավորներին
Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուլղարիայի հայոց թեմի ուխտավորներին` գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ողջունեց Մյուռոնօրհնության նվիրական այս օրերին բուլղարահայ ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս առիթով Նորին Սրբությունը նոր առաջնորդի ընտրության կապակցությամբ շնորհավորեց նաև բուլղարահայ համայնքին` վստահություն հայտնելով, որ նորընտիր առաջնորդը նվիրումով, սիրով ու նախանձախնդրությամբ կկատարի իր ստանձնած պարտականությունները:
Անդրադառնալով առաջիկա Մյուռոնօրհնության արարողությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց բուլղարահայ ուխտավորների ներկայության համար` նշելով, որ Սրբալույս Մյուռոնի օրհնությամբ երկնքից իջնող աստվածային շնորհներն առատորեն կհեղվեն բուլղարահայ համայնքի զավակների վրա:
Վեհափառ Հայրապետն իր խոսքում վերհիշեց Բուլղարիա կատարած իր հովվապետական այցը` հավելելով, որ առիթ է ունեցել ականատեսը լինելու բուլղարահայ համայնքի ազգային-եկեղեցական աշխույժ կյանքին և քրիստոնեական արժեքների ու Եկեղեցու հանդեպ նվիրումին:
Վերջում, իր օրհնությունն ու գնահատանքը բերելով ներկաներին, Նորին Սրբությունը հորդորեց Բուլղարիայի հայոց թեմում վառ պահել հայության ոգին և ամուր` Եկեղեցու և հայրենիքի հանդեպ սերը: