Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ տիկնանց միության անդամներին
Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության տիկնանց միության անդամներին` ուղեկցությամբ ՀԲԸՄ պատվավոր անդամ Հարություն Սարաֆյանի:
Հանդիպմանը պրն. Սարաֆյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց միության գործունեությունը եւ Արգենտինայի հայոց թեմին միության անդամների կողմից ցուցաբերվող զորակցությունը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին բարի գալուստ մաղթեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Անդրադառնալով Արգենտինայի հայոց թեմին եւ համայնքին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ արգենտինահայ համայնքն ամենակազմակերպված, հայաշունչ եւ օրինակելի հայկական գաղթօջախներից մեկն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց թեմական կյանքի աշխուժացմանն ուղղած ձեռնարկներն ու միջոցառումները` ներկաներին հորդորելով մասնավոր ուշադրություն դարձնել երիտասարդ սերնդին, նրանց կրթել ու դաստիարակել հայրենասիրության եւ եկեղեցասիրության ոգով: