Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինին
Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ տիկին Անն-Մարի Լիզինին` Բելգիայի եւ Հայաստանի դեսպանների ուղեկցությամբ:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ առկա սերտ եւ ջերմ հարաբերությունների համար, որոնք զարգացման վերընթաց են ապրում: Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ Բելգիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ այդ ոճրագործության դատապարտման փաստին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերները:
Հանդիպմանը խոսվեց եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման գործընթացների, քրիստոնեական արժեքների ամրապնդման անհրաժեշտության մասին: Ժողովուրդների կյանքում խաղաղության եւ հանդուրժողության հաստատման գործում մեծապես կարեւորվեց կրոնների երկխոսությունը: