Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորին    20.03.2015
Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորն Մայր Աթոռում

     Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելառուսի Հանրապետության Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ժուկին` ուղեկցությամբ Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի:
Հանդիպման ընթացքում իր ուրախությունն ու գնահատանքը արտահայտելով երկու բարձրագույն կրթական հաստատությունների միջև սկզբնավորվող գործակցության առիթով` Նորին Սրբությունը ողջունեց այդ համագործակցության սերտացմանն ուղղված ջանքերը և հույս հայտնեց, որ դրանք բարի արդյունք կբերեն երկու ժողովուրդներին:
     Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձավ կրթության առաջնային դերին ու նշանակությունը ժամանակակից աշխարհում` նշելով, թե կրթության կարևորման գիտակցությամբ է, որ ծնողները, հակառակ բոլոր տեսակի դժվարությունների, ամեն ջանք ու եռանդ են գործադրում իրենց զավակներին պատշաճ կրթություն ապահովելու համար: Վեհափառ Հայրապետն ընդգծեց նաև, որ կրթությունն է այսօր երաշխիքը մարդկության գալիք պայծառ օրվա` խաղաղ, համերաշխ և բարօր աշխարհի կերտման:
     Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորն իր հերթին խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար: Վերջինս ևս կարևորեց երիտասարդության կրթության, մասնավորապես հոգևոր-բարոյական, հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը:
     Զրույցի ընթացքում խոսվեց նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո Հայաստանում և Սփյուռքում գործող կրթական կառույցների, ինչպես նաև Հայաստանում կրթական ոլորտի հաստատությունների և Հայոց Եկեղեցու միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցության մասին:
     Հանդիպման վերջում Նորին Սրբությունն իր ողջույնը և ջերմ բարեմաղթանքները փոխանցեց Համայն Բելառուսի պատրիարքական փոխանորդ, Մինսկի և Սլուցկի միտրոպոլիտ Պավելին: