Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելառուսի պաշտպանության նախարարին

Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան ժամանած Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւին` ՀՀ Պաշտպանության փոխնախարար Յ. Խաչատուրովի եւ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մ. Դոլգոպոլովայի ուղեկցությամբ:
«Մեր ուրախությունն ենք հայտնում այն գեղեցիկ համագործակցության համար, որ իրականացվում է մեր երկու պետությունների միջեւ: Եվ մասնավորապես մեզ համար հաճելի է տեսնել, որ այդ համագործակցությունը իրականանում է եւ ռազմական ոլորտում»,-ասաց Նորին Սրբությունը` մաղթելով, որ Աստված զորեղ պահի երկու պետությունների բանակները, որպեսզի հայ եւ բելառուս ժողովուրդներն ապրեն խաղաղության մեջ եւ երկրներն ունենան առաջընթաց եւ զարգացում խաղաղ պայմաններում: 
Գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւը, շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու հնարավորության համար, գոհունակությամբ նշեց երկու ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունների մասին: Նա նաեւ անդրադարձավ Զինված ուժերի եւ Բելառուսի Ուղղափառ եկեղեցու միջեւ ստորագրված համագործակցության համաձայնագրին:
Հանդիպման ընթացքում խոսվեց ՀՀ Զինված ուժերում եկեղեցականների հոգեւոր սպասավորության մասին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր ծառայության առաջնորդ Տ. Նորայր աբղ. Սիմոնյանը: