Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելառուսի Մշակույթի նախարարին
Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելառուսի մշակույթի նախարար Լեոնիդ Գուլյակոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի եւ երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ:
Ողջունելով նախարարի այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Հայաստանում անցկացվող Բելառուսի մշակույթի օրերի առիթով` կարեւոր նկատելով մշակութային նման ձեռնարկների կազմակերպումը, որոնք նպաստում են երկու ժողովուրդների միջեւ տասնամյակներ շարունակ ձեւավորվող հարաբերությունների եւ ավանդությունների առավել սերտացմանն ու ամրապնդմանը: Նորին Սրբությունն այս ամենում կարեւոր նկատեց երկու դեսպանների դերն ու առաքելությունը:
Հայոց Հայրապետը ի դեմս Մշակույթի նախարարի իր գնահատանքը հայտնեց Բելառուսի իշխանություններին հայ համայնքի հանդեպ դրսեւորվող հոգատար ու բարյացակամ վերաբերմունքի, ինչպես նաեւ հայկական եկեղեցու կառուցման նպատակով կատարված հողահատկացման համար: Նորին Սրբությունը նախարարի միջոցով նաեւ իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները փոխանցեց Ֆիլարետ միտրոպոլիտին:
Իր հերթին պրն. Գուլյակոն անդրադարձավ Հայաստանում ցուցաբերված ջերմ ընդունելությանը, ներկայացրեց Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագրի շրջանակներում կատարված եւ նախատեսվող միջոցառումները: Նախարարը նաեւ ուրախությամբ նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն եկող տարի Բելառուսում անցկացվելու են Հայաստանի մշակույթի օրեր:
Հանդիպման ընթացքում նաեւ անդրադարձ եղավ Հայաստանյայց Առաքելական Սոււրբ Եկեղեցու առջեւ ծառացած դժվարություններին եւ երկու եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին: