Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արևելյան ծեսի ընկերության 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արևելյան ծեսի ընկերության 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին 13.09.2016
Արևելյան ծեսի ընկերության 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցները Մայր Աթոռում

     Սեպտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սեպտեմբերի 11-ից 15-ը Մայր Աթոռում անցկացվող Արևելյան ծեսի ուսումնասիրության ընկերության 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին:
     Ներկայացնելով հյուրերին` ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Զոհրապ և Կլարա տեղեկատվական կենտրոնի տնօրեն, ընկերության համահիմնադիր Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆինդիկյանը, իբրև Մայր Աթոռի միաբան, շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին գիտաժողովը Ս. Էջմիածնում գումարելու հրավերի և ջերմ հյուրընկալության համար:
     Իր հերթին խոսք ասաց նաև ընկերության նախագահ Բռայեն Սփինքսը (Յեյլի համալսարան): Վերջինս Նորին Սրբությանը ներկայացրեց ընկերության առաքելությունը և Արևելյան ծեսի ուսումնասիրության նպատակները: Պրոֆ. Սփինքսն երախտագիտությամբ ընդգծեց, որ առաջին անգամ է գիտաժողովը Եկեղեցու պետի հրավերով գումարվում Եկեղեցու հոգևոր կենտրոնում:
     Սյնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը կարևորեց գիտաժողովի գումարումը Ս. Էջմիածնում` ընդգծելով, որ նման հավաքները մեծ նպաստում են միմյանց ավելի լավ ճանաչելուն, միմյանց ավանդույթներին, ծեսին և հոգևոր արժեքներին հաղորդակից դառնալուն: Հայոց Հայրապետը գոհունակությամբ նշեց նաև, որ գիտաժողովը յուրահատուկ ներդրում է էկումենիկ շարժման աշխատանքներում` այս կապակցությամբ ուրախությամբ արձանագրելով Եկեղեցիների միջև տիրող այն սիրո ոգին, որ առաջնորդում է նման բարի գործակցության:
     Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց գիտաժողովին մասնակից այն ծիսագետներին, որոնք մեծ ավանդ ունեն Հայոց Եկեղեցու ծեսի ուսումնասիրության և այն հանրայնացնելու գործում:
     Իր խոսքում Նորին Սրբությունը հաստատեց, որ ներկա գիտնականների ձեռքբերումներով կրթվում են նաև Հայ Եկեղեցու հոգևորականներ` նրանց հովանու և առաջնորդության ներքո շարունակելով իրենց ուսումնառությունը և գիտական աշխատանքը տարբեր համալսարաններում:
Վերստին Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին` Գարեգին Բ Կաթողիկոսը արդյունավոր աշխատանք մաղթեց գիտաժողովի աշխատանքներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
     Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ծիսագետների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և ներկայիս գործունեությանը, Եկեղեցու ծիսական լեզվին և վանական կյանքի վերկանգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին: