Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արմավիրի թեմի առաջնորդին և Սարդարապատի թանգարանի տնօրենին
Մայիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանին և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանին:
Հանդիպմանը Սիոն Սրբազանն ու տիար Կ. Արիստակեսյանը Նորին Սրբությանը տեղեկացրեցին 2018 թվականին տոնախմբվելիք Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակի առիթով նախանշվող ծրագրերի մասին: Քննարկվեցին հոբելյանական տարվան ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներն ու ձեռնարկները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց ներկայացված նախաձեռնությունը` կարևորելով հայ ժողովրդի կյանքում մայիսյան պանծալի հաղթանակների տոնախմբումը: Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով Սիոն Սրբազանին ու տիար Կ. Արիստակեսյանին, նշեց, որ Մայր Աթոռն իր մասնակցությունը կբերի և ըստ ամենայնի կաջակցի փառահեղ հաղթանակի տոնախմբության առիթով նախաձեռնված ծրագրերին: