Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի և Կանադայի հայոց թեմերի երիտասարդ ուխտավորներին

Ամենայն Հայոց  Կաթողիկոսն ընդունեց  Արգենտինայի և Կանադայի հայոց թեմերի երիտասարդ ուխտավորներին 22.07.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի և Կանադայի հայոց թեմերի երիտասարդ ուխտավորներին

   Հուլիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական սաներին` ուղեկցությամբ Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանի և Կանադայի Տորոնտո քաղաքի Ս. Երրորդություն Եկեղեցու «Ս. Սահակ-Մեսրոպ» դպրոցի աշակերտներին` առաջնորդությամբ Տորոնտոյի Ս. Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գեղարդ ավագ քահանա Կարապետյանի:

   Հանդիպմանը  Վեհափառ Հայրապետը, ողջունելով Երիտասարդ  հայորդիների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կարևորեց այդպիսի  ուխտագնացությունների դերը նրանց կյանքում` նշելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում ավելի խորությամբ ճանաչելու իրենց Հայրենիքը, պատմությունն ու մշակույթը, նպաստում Սփյուռքում հայկական ոգու պահպանմանն ու զորացմանը, Եկեղեցու և Հայրենիքի հանդեպ սիրո ամրապնդմանը:

 

   Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց երկու դպրոցների վարչության անդամներին, հոգաբարձուներին ու մանկավարժներին, ովքեր հայ երիտասարդներին կրթում ու դաստիարակում են ազգային արժեքներով և հայրերի սուրբ հավատքով:

 

   Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու պատմությանը, միջեկեղեցական հարաբերություններին, հասարակական կյանքում Եկեղեցու դերին: