Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի և Կանադայի հայոց թեմերի երիտասարդ ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի և Կանադայի հայոց թեմերի երիտասարդ ուխտավորներին 23.07.2012
Երիտասարդ ուխտավորներ Մայր Աթոռում

     Հուլիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական դասարանի սաներին` ուղեկցությամբ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանի, ինչպես նաև Կանադայի  հայոց թեմի  Տորոնտոյի ՀԲԸՄ սկաուտների խմբին և Սբ. Երրորդություն եկեղեցու «Ս. Սահակ - Ս. Մեսրոպ» շաբաթօրյա դպրոցի աշակերտներին` ուղեկցությամբ Տ. Գեղարդ քահանա Կարապետյանի:

     Հանդիպման սկզբում հոգևոր հայրերը նախ Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին ուխտավորներին, ապա տեղեկացրեցին, որ երիտասարդներն իբրև Հայրենիքի և Հայոց Եկեղեցու նվիրյալ զավակներ թեմակալ առաջնորդների օրհնությամբ ամեն տարի ուխտագնացության են գալիս Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց ուխտը վերանորոգելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնություններն ու պատգամները ստանալու համար:

     Այնուհետև երիտասարդ հայորդիներին իր օրհնությունը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն հայտնելով գեղեցիկ ավանդույթ դարձած այս ուխտագնացությունների կապակցությամբ` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ երիտասարդները ոգեփոխության ու ոգեշնչման շրջան պիտի ապրեն Հայաստանում, քանի որ այս այցելություններն իրենց զորավոր կնիքը պիտի դնեն նրանց հոգիների վրաª հնարավորություն ընձեռելով հաղորդ դառնալ հայրենի երկրի հարուստ մշակույթին և սրբազան արժեքներին, անձնապես տեսնել, ապրել ու զգալ այն ամենը, ինչ սովորել են իրենց դպրոցներում: Անդրադառնալով հայ ժողովրդի գեղեցիկ և լուսավոր ապագայի կերտման գործում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների կարևոր առաքելությանը` Վեհափառ Հայրապետն իր խոսքում կարևորեց Սփյուռքի և Հայաստանի երիտասարդների միջև ամուր կապն ու համագործակցությունը: Նորին Սրբությունը նշեց նաև, որ յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդ պետք է սերտորեն կապված լինի Հայաստանի հետ, քանի որ Հայրենիքն է համայն հայության գոյության և լինելության հիմքն ու երաշխիքը:

     Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց երիտասարդներին` մաղթելով, որ Տիրոջ ամենակարող Աջը հովանի լինի նրանց իրենց հետագա կյանքի և գործունեության  ընթացքում:

     Նույն օրը երիտասարդները Մայր Տաճարում ներկա գտնվեցին Պատարագի սրբազան արարողությանը, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ: