Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին
Հուլիսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային: Հանդիպմանը Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում, ապա անդրադարձ կատարեց երկու երկրների միջև առկա համագործակցությանը: Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ Արգենտինայի հետ միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում և արտացոլում են երկու ժողովուրդների միջև առկա ջերմ կապերը:Այնուհետև, Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Արգենտինայի հայ համայնքի դերակատարությանը երկրի կյանքին` նշելով, որ արգենտինահայ համայնքը Սփյուռքի լավագույնս կազմակերպված հզոր համայնքներից է և սիրված ու հարգված է երկրում, որտեղ հայությունը շաղախված է երկրի մշակույթին և առհասարակ կյանքի բոլոր ոլորտներին: Նորին Սրբությունը մասնավորապես արգենտինահայերի մեջ ընդգծեց բարեսիրական ոգին, ովքեր իրենց նվիրական պարտքն են համարում զորակցել ազգային կյանքին, հոգևոր և մշակութային տարբեր հաստատություններին: Իր հերթին Արգենտինայի դեսպանը շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ պիտի ջանա նպաստել երկու երկրների ու երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: